10 06 24 Հայտնի են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված նկարչական մրցույթի հաղթողները:

Այս տարի ևս Սևան համայնքը միացավ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան: Սևանում մայիսի 27-ից մեկնարկել էին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա նվիրված միջոցառումները: Անցկացվեցին բազմաբովանդակ միջոցառումներ, բաց-դասեր, սպորտլանդիաներ, հեծանվաարշավներ: ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումները Սևան համայնքում շարունակվեցին նաև հունիսի 7-ին և 9-ին: Հունիսի 7-ին Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզում անցկացվեց սպորտլանդիա: Խաղում չկային հաղթողներ և պարտվողներ, չկային նաև կանոններ: Սպորտլանդիայի նպատակն էր խաղի միջոցով տեսակավորել պլաստիկն ու թուղթը, իսկ գերնպատակն էր՝ մաքուր պահել շրջապատը, Սևանը, որպեսզի ունենանք թթվածնով հարուստ օդ, ու միշտ շողա պայծառ արևը բոլորի համար: Մանկապարտեզի խաղավարները երեխաների մոտ ստեղծել էին մրցակցային տրամադրություն՝ թե ո՞վ շուտ կմաքրի տարածքը: ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ հունիսի 9-ին էլ Սևանի հեծանվային ակումբի հեծանվորդներն իրականացրեցին «Մաքուր և Կանաչ բնաշխարհ» խորագրով հեծանվային արշավ: Մեկնարկը տրվեց Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցից: Պատանի հեծանվորդները հասան մինչև Գագարին բնակավայր և վերադարձան Սևան:
Նմանատիպ միջոցառումների, իրազեկման ակցիաների նպատակն է խրախուսել առողջ ապրելակերպը, բարելավել երկրի էներգետիկ անվտանգությունը և միաժամանակ նվազեցնել ածխածնի արտանետումները: Սևանում ամփոփվել են և արդեն հայտնի են «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթի հաղթողները:
Ներկայացված 62 նկարչական աշխատանքներից ընտրվել են Մանե Ղարիբյանի (12 տարեկան), Սյուզի Մանուկյանի (12 տարեկան) և Ջուլիետա Մուրադյանի (13 տարեկան) աշխատանքները, որոնք կներկայացվեն Հայաստանի Համայնքների միություն՝ ազգային մակարդակով մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: Ամենաշատ հավանումների է արժանացել Մանե Ալավերդյանի աշխատանքը (480 հավանում): Ընտրված երեք լավագույն աշխատանքները կուղարկվեն Հայաստանի Համայնքների միություն: Այդ նպատակով ստեղծված ժյուրին կգնահատի աշխատանքները և կընտրի հաղթողներին: Ազգային մակարդակով առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ: Սևան համայնքը, ի դեմս համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրին միացել է 2020 թվականի հունիսին և մշտապես ակտիվ մասնակցություն ունեցել ծրագրի շրջանակներում իրականացված ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներին, հայտարարված մրցույթերին ու սեմինարներին: Արդեն չորս տարի Սևան համայնքը միանում է Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո: 2024թ-ի ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումները Սևան համայնքում ավարտվեցին:

Пікірлер

    Келесі