01 06 24 Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Սևանում իրականացվեցին տոնական միջոցառումներ:

Միջոցառումներն անցկացվեցին Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի դիմացի հրապարակում:
Ելույթ ունեցան Սևանի թիվ 1 «Բողբոջ», թիվ 2 «Զարթոնք», թիվ 3 «Հեքիաթ», թիվ 4 «Գալիք» մանկապարտեզների, Սևանի համայնքային մշակութային կենտրոնի «Սևան», «Չիպոլինո», «Համաս դանս ստուդիո», «Հայանե» պարային համույթների սաները: Երեխաներին ուրախացրեցին «Վանա թատրոն» խմբի մուլտհերոսները՝ «Ուրախ մուլտհերոսներ» շոու-ծրագիրով, ցուցադրվեց նաև «Քաջ Նազարը» բեմականացում: Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ նաև կինոդիտում:
Ամեն տարի այս օրը և համայնքային իշխանությունների, և անհատների կողմից երեխաների համար կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ: Երեխաներին սպասում են նվերներն ու իրենց սիրած մուլտհերոսները: Տոնական օրվա հերոսներին նվիրված ու նրանց մասնակցությամբ իրականացվեցին խաղեր, նկարչություն և կավճանկարչություն:
Օրվա ընթացքում երեխաներին հետաքրքիր և անսպասելի անակնկալներ են մատուցվել տարբեր կազմակերպությունների կողմից:
Հունիսմեկյան միջոցառումները կշարունակվեն ողջ օրվա ընթացքում։
____
Երեխաների պաշտպանության միջազգային օր, նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։ Բացի այդ երեխաներին է նվիրված Երեխաների համաշխարհային օրը (նոյեմբերի 20), Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը (հունիսի 4) և Աֆրիկացի երեխաների պաշտպանության օրը (հունիսի 16)։ Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։

Пікірлер

    Келесі