Tatevik Sazandaryan - Tsirani tsar (Armenian folk song)

Музыка

Հայ ժողովրդական «Ծիրանի ծառ» երգն է՝ Տաթևիկ Սազանդարյանի կատարմամբ: Մշակումը՝ Կոմիտասի։
Ռոբերտ Աթայանը նշում է (Կոմիտաս, Երկերի ժողովածու, Երևան, 1960թ., էջ 168), որ Արմենակ Շահմուրադյանին նվիրված այս երգի համար հիմք են ծառայել «Ծիրանի ծառ, բար մի տա», «Հա տվեք, հետ տվեք» և «Հով, հով, հովն ընկավ» երգերը, որոնք «մշակման մեջ մտնելով, իրենց ամբողջությունը պահպանել են, սակայն թե՛ խոսքի և թե՛ երաժշտության, և հետևաբար, նաև ընդհանուր բնույթի տեսակետից միմյանց հետ մոտիկ լինելով և միմյանց լրացնելով, Կոմիտասի ստեղծագործության մեջ դրանք օրգանապես միաձուլվել, մեկը մյուսի բնական շարունակությունն են դարձել: Այդպիսով, ստացվել է մեծ ֆորմայի, լայնաշունչ ստեղծագործություն»:
Երեք երգերի այս ամբողջությունն արտահայտում է սոցիալական անհավասարությունից ու բազմաթիվ հոգսերից տառապող մարդու հոգու բողոքը: Բերքով ծանրաբեռնված ու ճյուղերն իրար զարկող ծիրանենին, կարծես, իր հոգեկան ապրումների հակապատկերը լինի. բնության այդ հարուստ ու շքեղ տեսարանի առջև մարդը է՛լ ավելի է զգում իր դրության անհուսությունը, քանի որ այդքան ճոխ բերք ունենալով էլ իր ապրուստը ապահովել չի կարողանալու: Աղքատ գյուղացին պետք է հարկեր տար իշխանավորին, վերադարձներ հարուստ հարևաններից վերցրած պարտքերը, քանի որ ինքը գութան չուներ, պետք է վճարեր ունևոր գյուղացուն՝ նրա գութանը վարձելու և իր փոքրիկ հողակտորը վարելու համար, իսկ այդքան ծախսերի դեմ ի՞նչ կարող էր անել ծիրանենիների ծաղկած պարտեզով: Բերքի մեծ մասը այդ ամենին, իսկ ինքն էլի դառը դատելուց հետո դատարկ նստելու էր: Ու այս մտքերով շրջելով ծառերի միջով, զգում է, թե ինչպես են սրտում հոգսն ու ցավը կրծում իրեն:
Հաջորդ՝ «Հա տվեք, ետ տվեք» հատվածում, շարունակելով սոցիալական բողոքի թեման, գյուղացին պատմում է, թե ինչպես է իր սրտից ուրախությունը հեռացել. ինչպես երևում է հաջորդ խոսքերից, այդ տարին խիստ անբարենպաստ է եղել իր համար, սև դարդն այնպես է իր վզովն ընկել, որ մաղթում է՝ այդ տարին շուտ անցնի, էլ ետ չգա:
Երրորդ՝ «Հով, հով, հովն ընկավ» հատվածում ևս նույն բառերով խոսում է այն մասին, թե ինչպես է հոգսերի տակ իր սրտի խնդությունը չքացել, քանի որ ինքը «մեռավ բաղում բանելով, ջրելով, իսկ ծառերի վրա տերև չի մնացել, հավանաբար, շոգ եղանակի պատճառով: Եվ երգի վերջում դժգոհում է, որ թեև բաղ ունի, բայց բար չունի, իրեն, կարծես, միայն աշխատել, չարչարվել է տրված, իսկ պտուղները քաղել ի վերուստ չի սահմանվել:
Երգի խոսքերը՝
Ծիրանի ծառ, բար մի՛ տա,
Վա՜յ,
Ճղներդ իրար մի՛ տա,
Վա՜յ,
Ամեն մեջդ ման գալիս
Ցավերս իրար մի՛ տա:
Հա՛, տվե՛ք, ետ տվեք, սարե՛ր, հովն ընկավ,
Սրտիս խնդում ծովն ընկավ.
Գնա, էլ ետ չգա էս տարվա տարին, -
Սև դարդն իմ վզով ընկավ:
Հո՛վ, հո՛վ, հովն ընկավ, -
Սրտիս խնդում ծովն ընկավ:
Մեռա բաղում բանելեն,
Մի կողմեն ջուր անելեն.
Ծառերին թուփ չմնաց
Դարդիս դարման տանելեն:
Սև ամպը գցել ա հով,
Մութը տվել ա իմ քով,
Տեսնում եք ինձ պատել ա
Էս անիրավ արյուն ծով:
Նստած տեղիս քար չունիմ,
Էրված սրտիս ճար չունիմ.
Ա՛յ անօրեն, փուչ աշխարհ,
Բաղ ունիմ ու բար չունիմ:

Пікірлер: 1

  • @aleksandrarutyunyan5925
    @aleksandrarutyunyan592528 күн бұрын

    Շնորհակալություն Արշակ ջան, մեր հոգեհարազատ և հարուստ մշակույթի գանձերը, մեզ հրամցնելու համար!!!

Келесі