Sahak Patriarq, Daniel - 4 meknutyun. Սահակ Պատրիարք, Բաղդասար արքան

Դանիել 6
1 Բաղդասար արքան ընթրիք պատրաստել տվեց իր մեծամեծների՝ հազար մարդու համար, նույնպես և գինի՝ հազարի համար։ 2 Երբ Բաղդասարը հարբեց, հրամայեց բերել արծաթե և ոսկե սպասքը, որը նրա հայրը՝ Նաբուքոդոնոսորը, հանել էր այն տաճարից, որ Երուսաղեմում էր, որպեսզի թագավորը, նրա մեծամեծները, նրա հարճերն ու կանայք դրանցով խմեն։ 3 Բերեցին ոսկե և արծաթե սպասքը, որ բերվել էր Աստծու այն տաճարից, որ Երուսաղեմում էր, և թագավորը, նրա մեծամեծները, նրա հարճերն ու կանայք խմում էին դրանցով։ 4 Գինի էին խմում և օրհնաբանում էին ոսկե, արծաթե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին, իսկ հավիտենական Աստծուն, որ իշխանություն ուներ նրանց հոգիների վրա, չօրհնաբանեցին։ 5 Նույն ժամին մարդու ձեռքի մատներ ելան և գրում էին կանթեղի դիմաց՝ թագավորի պալատի պատի ծեփի վրա, և թագավորը տեսնում էր այն ձեռքի թաթը, որ գրում էր։ 6 Այն ժամանակ թագավորի գույնը հատվեց, և նրա մտքերը խռովեցնում էին նրան։ Նրա մեջքի հոդերը խախտվում էին, և նրա ծնկներն իրար էին բախվում։ 7 Եվ թագավորն ուժգին աղաղակեց, որ բերեն մոգերին, քաղդեացիներին, գուշակներին, և ասաց բաբելացիների իմաստուններին. «Ով կարդա այդ գրությունը և ինձ հայտնի դրա մեկնությունը, ծիրանի կհագնի, ոսկե մանյակ՝ իր պարանոցին, և իմ թագավորության երրորդ տեղին կտիրանա»։ 8 Բաբելացիների բոլոր իմաստունները մտնում և չէին կարողանում կարդալ գրությունը և հայտնել նրա մեկնությունը թագավորին։ 9 Բաղդասար արքան խռովվեց, և նրա երեսի գույնը փոխվեց, նրա մեծամեծներն էլ խռովվեցին նրա հետ։ 10 Թագուհին մտավ խրախճանքի պալատը և ասաց. «Արքա՛, հավիտյա՛ն ապրիր, թող քո մտքերը քեզ չխռովեցնեն, և թող քո երեսի գույնը չեղծվի, 11 որովհետև քո թագավորության մեջ կա մի մարդ, որի մեջ Աստծու Սուրբ Հոգի կա. քո հոր օրերին զորություն և իմաստություն էին գտնվում նրա մեջ, և քո հայրը՝ Նաբուքոդոնոսոր արքան, նրան իշխան կարգեց գուշակների, մոգերի, քաղդեացիների և հմայողների վրա, 12 որովհետև նրա մեջ իմաստության և հանճարի առավել ոգի կա. մեկնում է երազները, հայտնում է առակները և քանդում կապված բաները. Դանիելն է, և արքան Բաղդասար անունը տվեց նրան։ Արդ, թող կանչվի և հայտնի դրա մեկնությունը»։
Դանիելը մեկնում է գրությունը
13 Այն ժամանակ Դանիելին ներս բերեցին թագավորի առաջ։ Եվ թագավորն ասաց Դանիելին. «Դո՞ւ ես Դանիելը՝ Հուդայի երկրի գերության որդիներից, որին բերեց իմ հայր Նաբուքոդոնոսորը։ 14 Լսեցի քո մասին, որ Աստծու Սուրբ Հոգի կա քո մեջ, և առավել զորություն, հանճար և իմաստություն գտնվեցին քո մեջ։ 15 Արդ, ահա իմաստուններ, մոգեր ու հմայողներ մտան ինձ մոտ, որպեսզի այդ գրությունը կարդան և ինձ հայտնեն դրա մեկնությունը, բայց չկարողացան ինձ հայտնել։ 16 Ես լսեցի քո մասին, թե կարող ես մեկնություններ անել։ Արդ, եթե կարողանաս այդ գրությունը կարդալ և ինձ հայտնել դրա մեկնությունը, ծիրանի կհագնես, ոսկե մանյակ՝ քո պարանոցին, և իմ թագավորության երրորդ տեղին կտիրանաս»։
17 Դանիելն ասաց թագավորի առաջ. «Քո պարգևները թող քեզ մնան, և քո տան պատիվն ուրիշի՛ն տուր, բայց այդ գրությունը ես կկարդամ և կհայտնեմ քեզ դրա մեկնությունը։ 18 Արքա՛, Բարձրյալն Աստված մեծություն, թագավորություն, պատիվ ու փառք տվեց քո հորը՝ Նաբուքոդոնոսորին, 19 և այն մեծությունից, որ տվեց նրան, բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները զարհուրելով դողում էին նրա առաջ. ում կամենում, հարվածում էր, ում կամենում, սպանում էր. ում ինքը կամենում, բարձրացնում էր, և ում ինքը կամենում, խոնարհեցնում էր։ 20 Երբ նրա սիրտը գոռոզացավ, և նրա ոգին զորացավ՝ ամբարտավանանալու, ընկավ իր
թագավորության աթոռից, և պատիվը վերցվեց նրանից։ 21 Հալածվեց մարդկանց միջից, սիրտ տրվեց նրան գազանների հետ, և վայրի էշերի հետ էր նրա բնակությունը, ինչպես արջառի՝ խոտով էին կերակրում նրան, երկնքի ցողից նրա մարմինը ներկվեց, մինչև ճանաչեց, որ Բարձրյալն է տիրում մարդկանց թագավորությանը և ում կամենա, նրան կտա։ 22 Եվ դու՝ նրա որդի Բաղդասարդ, քո սիրտը չխոնարհեցրիր Աստծու առաջ, որտեղից այդ ամենը գտար. 23 երկնքի Աստծու դեմ հպարտացար, և նրա տան սպասքը բերեցին քո առաջ, և դու, քո մեծամեծները, քո հարճերն ու քո կանայք դրանցով գինի էիք խմում, և ոսկե, արծաթե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին, որ ո՛չ տեսնում, ո՛չ լսում և ո՛չ էլ իմանում են, օրհնաբանում էիր, իսկ Աստծուն, որի ձեռքում են քո շունչը և քո բոլոր ճանապարհները, չփառավորեցիր։ 24 Դրա համար նրա կողմից ուղարկվեց ձեռքի թաթը և գրեց այդ գրությունը։ 25 Ահա այս է այդ գրությունը, որ գրված է. ՄԱՆԵ, ԹԵԿԵՂ, ՓԱՐԵՍ։
26 Եվ այս է այդ բանի մեկնությունը. ՄԱՆԵ՝ Աստված չափեց քո թագավորությունը և վախճանեց այն. 27 ԹԵԿԵՂ՝ կշեռքով կշռվեց և պակաս գտնվեց. 28 ՓԱՐԵՍ՝ քո թագավորությունը բաժանվեց և տրվեց մարերին ու պարսիկներին»։ 29 Ապա Բաղդասարը հրաման տվեց, և նրան ծիրանի հագցրին ու ոսկե մանյակ՝ նրա պարանոցին, և հայտարարեց նրա առաջ՝ իր թագավորության երրորդ իշխանը լինելու։ 30 Նույն գիշեր սպանվեց քաղդեացիների Բաղդասար արքան։ 31 Եվ Դարեհ արքան, որ վաթսուներկու տարեկան էր, վերցրեց թագավորությունը։

Пікірлер: 5

  • @vahemuradyan749
    @vahemuradyan7493 ай бұрын

    Ամեն

  • @norayrkalloshyan2662
    @norayrkalloshyan26624 ай бұрын

    ❤❤❤🕯

  • @araxymoumdjian2321
    @araxymoumdjian23213 ай бұрын

    St Leon Armenian church Fair Lawn N J

  • @araxymoumdjian2321

    @araxymoumdjian2321

    3 ай бұрын

    St. Leon Armenian Chhurch Fair Lawn N J

  • @romankash9644
    @romankash96444 ай бұрын

    Ամեն

Келесі