«ԵՐԵՎԱՆ. ԹՈՒՄԱՆՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» փաստավավերագրական ֆիլմ

Ո՞վ և ե՞րբ է առաջինը հղացել ընդամենը 54 գարուն ապրած Ամենայն հայոց բանաստեղծի թանգարանը հիմնելու միտքը դժվար է ասել, բայց հայտնի է, որ այրին՝ Օլգա Թումանյանը նախանձախնդիր էր և մեծամասամբ հենց նրա ու բանաստեղծի դուստրերի շնորհիվ է կայացել թանգարանը։
Թանգարան կառուցելու որոշումը Հայաստանի կառավարությունն ընդունում է 1949 թվականին՝ Թումանյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։
«1949 թվականին սկսվեց շինարարությունը։ Օգտագործվել է Արթիկի սրբատաշ տուֆ, որը գնացքով տեղափոխում էին Երևանի կայարան և ինքնաթափերով բերում շինհրապարակ։ Մնացած շինանյութը մեծ մասամբ բերում էին դրոգներով, սայլերով։
Նախագիծը նույնությամբ կրկնում էր Թիֆլիսի տան հատակագիծը, բացի շենքի ճակատային մասից, որն ամբողջությամբ Աղաբաբյանի ստեղծագործությունն է։ Թվում է, թե տուֆակերտ մեծ շենքերի զարդաքանդակները պիտի ուրիշ քանդակագործներ անեն, բայց դրանք բոլորը հեղինակի՝ ճարտարապետի մտահղացումն ու ձեռքի աշխատանքն են»։
Թանգարանը բացվել է 1953 թվականի ապրիլի 5-ին։
«...մի զարմանալի օր էր. այնքան մարդ էր եկել՝ ամբողջ աստիճաններին, Թումանյան փողոցում վերից-վար ասեղ գցելու տեղ չկար։ Ինձ թվաց, թե ամբողջ Հայաստանն այդ օրը հավաքվել էր այդտեղ։ Այն աստիճանի, որ Իսահակյանն իր տնից չէր կարողանում տեղ հասնել, միլիցիոներներ էին գնացել, մարդկանց բազմությունը ճեղքել ու նրան մի կերպ հասցրել թանգարան...». Վարսիկ Գրիգորյան։
«Երբ ուսումնասիրում ենք ստեղծման պատմությունը թանգարանի, մենք էնտեղ շատ պատկառելի դեմքերի ենք տեսնում, ովքեր կանգնած են եղել Թումանյանի ընտանիքի կողքին, մարդիկ, որոնք կամ Թումանյանի հետ ուղիղ ընկերական կապի մեջ են եղել և նրա հետ ճանապարհ են կիսել, անցել, նրանք, որ ինչ-որ շրջան հասցրել են հաղորդակից լինել իր ներկայությանը, և մարդիկ, ովքեր արդեն գնահատել են Թումանյան պոետին որպես գրականագետների և միացել էդ խմբին։ Խոսքը Ավետիք Իսահակյանի, Ստեփան Զորյանի, Պիոն Հակոբյանի, Արամ Ինճիկյանի և նման մեծությունների մասին է։ Նրանք մեծ ներդրում են ունեցել թանգարանի, թանգարանային առարկայի գրանցման, ֆոնդավորման, դրանք ազգային արժեք ամրագրելու ճանապարհին»։ Անի Եղիազարյան։
«Թանգարանի յուրաքանչյուր նմուշ, յուրաքանչյուր փոքրիկ պատմություն բողբոջի նման է, որին անհրաժեշտ է նրբորեն հպվել և այնտեղից դուրս կգա մի հրաշալի նոր, հարուստ, գաղտնիքներով լի պատմություն։ Եվ հատկապես Թումանյանի թանգարանը, որովհետև առնչվում է աշխարհի ամենամեծ հայի հետ։ Թումանյանը ինքը ամեն օր հուշում է, թե դու ինչ անես»։ Նարինե Թուխիկյան։
Հովհաննես Թումանյանի երևանյան թանգարանը 70 տարեկան է։ 70 տարին մե՞ծ, թե՞ փոքր ժամանակ է թանգարանի համար. դժվար է ասել։ Հատկապես, երբ խոսքը «Շունն ու կատուն», «Անուշ», «Գիքորը» և այլ անմահ ստեղծագործությունների հեղինակ, բանաստեղծ, գրող, թարգմանիչ, ազգային մեծ գործիչ, գիտնական, փիլիսոփա Թումանյանի մասին է։
Կարևորն այն է, որ պատմությունը շարունակվում է. թանգարանը վերակառուցման նոր փուլ է սկսել...
___________
Մտահղացման հեղինակ՝ Անի Եղիազարյան
Սցենարի հեղինակ՝ Լիլիկ Ստեփանյան
Ռեժիսոր՝ Գոհար Գասպարյան
Պրոդյուսեր՝ Նարեկ Վան Աշուղաթոյեան
Հատուկ շնորհակալություն` ԹԻՎ 405-ին ֆիլմի ստեղծման համար
Ֆիլմը նվիրվում է թանգարանի հիմնադրման 70-ամյակին

Пікірлер

    Келесі