23 05 24 Մայիսի 21-27-ը Սևան համայնքում անցկացվում են Ազնավուրի 100 ամյակին նվիրված միջոցառումներ:

Սևան համայնքում անցկացվում են Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումներ:
_____
Մայիսի 21-ին Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզում ավագ խմբի սաները ծանոթացան Շառլ Ազնավուրի կենսագրությանը:
Մանկապարտեզի դաստիարակները երեխաների համար բեմադրեցին Ազնավուրի մանկության դրվագներ: Ներկաները տեսան մանուկ Շառլ Ազնավուրին, Ազնավուրի մորը, քրոջը` Աիդային, որոնց մարմնավորել էին մանկապարտեզի դաստիարակները:
Իսկ վերջում երեխաների հետ կատարեցին Շառլ Ազնավուրի «Քեզ համար ՀԱՅԱՍՏԱՆ» երգը:
Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը լրանում է մայիսի 22-ին:
Սևան համայնքում, նախաձեռնությամբ Սևանի համայնքապետարանի, մայիսի 21-ից մինչև մայիսի 27-ը կազմակերպվելու և անցկացվելու են Շառլ Ազնավուրի ծննդյան օրվան նվիրված բազմաբնույթ միջոցառումներ:
___
Մայիսի 22-ին ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Նա 100 տարեկան կդառնար։
_____
Մայիսի 22-ին Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզում նշեցին Շառլ Ազնավուրի ծննդյան մեկ դարը:
Մանկապարտեզի դաստիարակները ներկայացրին շանսոյեի կենսագրությունը, անցած ճանապարհը:
Հնչեցին Ազնավուրի ստեղծագործություններն ու երգերը մանկապարտեզի դաստիրակաների կատարմամբ:
Ազնավուրյան ելևեջներն ու ֆրանսիական շունչը Հեքիաթում միավորել էր բոլորին մտերմիկ բոհեմական մթնոլորտում:
Վիլյամ Սարոյանը մի առիթով ասել է. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես...»:
____
Մայիսի 22-ին Սևանի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ-ի կենտրոնական գրադարանում այցելուներին դիմավորեց աշխարհահռչակ շանսոնյեի մասին պատմող ցուցադրությունը, որն ուղեկցվեց «Մաշտոցյան տառերով են ամուր իմ արմատները» խորագիրը կրող ցերեկույթով:
Գրադարնի սաները ներկայացրեցին Ազնավուրի կյանքն ու ստեղծագործական ուղին եղան նաև երաժշտական կատարումներ: Գրադարանում ներկայացված էր Շառլ Ազնավուրի մասին ցուցադրություն, որին ծանոթացան ներկաները:
Շառլ Ազնավուրը ոչ միայն կատարող էր, այլեւ գրող, կոմպոզիտոր: Իր 70-ամյա կարիերայի ընթացքում նա գրել է 1400 երգ եւ նկարահանվել 60-ից ավել ֆիլմում, երգել 6 լեզուներով, տվել հազարավոր համերգներ 82 երկրներում` աշխարհի լավագույն դահլիճներում, ինչպիսիք են Կառնեգի հոլը Նյու Յորքում եւ Ալբերտ հոլը Լոնդոնում: 1998թ. «Թայմ» ամսագրի եւ CNN հեռուստաընկերության համատեղ հարցման արդյունքներով ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարող:
_____
Նրա երգերը գերել են միլիոնավոր մարդկանց սրտեր, արվեստի ուժով շատերի համար դարձել արժեհամակարգի ձևավորման ուղենիշ, նպաստել ճանաչելու և սիրելու Հայաստանն ու Ֆրանսիան՝ դառնալով նաև յուրահատուկ կամուրջ հայ-ֆրանսիական բարեկամության։
Մայիսի 22-ին Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում ացկացվեց օրվան նվիրված «Ազնավուրը ես եմ» խորագրով միջոցառում և ցուցահանդես:
Մանկություն, ծննդյան և անվանակոչվելու պահից մինչև պատանեկություն, ընտանեկան կյանք, ապա մեծ բեմ դուրս գալու դժվարություններ, Պիեռ Ռոշից մինչ Էդիթ Պիաֆ և մեծ փառքի գագաթի նվաճում․ բոլոր այս դրվագները Սևանի Արվեստի դպրոցի ուսուցիչների և սաների ներկայացման առանցքն էին և յուրովի կատարմամբ ներկայացվեցին հանդիսատեսին։
1974 թ. Ազնավուրը մեծ հաջողություն ունեցավ Մեծ Բրիտանիայում, երբ նրա «Նա» երգը չորս շաբաթվա ընթացքում գլխավորում էր հիթ-շքերթը։
«Ամենակարևոր խոսքերը ես արդեն ասել եմ իմ երգերում»,- խոստովանել է նա։
Միջոցառումն ամփոփվեց Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստա՛ն» երգով, որը կատարեցին արվեստի դպրոցի սաներն ու ուսուցիչները։ Երգը Շառլ Ազնավուրը գրել է 1988 թ․ Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո, ստեղծել նաև «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Երգը ստեղծվել է ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով (երաժշտության հեղինակ՝ Ժորժ Կառվարենց)։ Առաջին անգամ այն հնչել է ֆրանսիական հեռուստատեսությամբ 1988թ՝ Ֆրանսիայի 87 նշանավոր երգիչների կատարմամբ։
Շառլ Ազնավուրն արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 2009 թվականի մայիսի 4-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել էր Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ: 2009 թվականի մայիսի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել էր Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
_____
Մայիսի 23-ին Սևանի թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզի փոքրիկները նշեցին աշխարհահռչակ երգչի 100-ամյակը: «Մեծ Հայը» խորագիրը կրող բաց դասի ընթացքում մանկապարտեզի սաները դաստիարակ Լիլիթ Մարգարյանի և մանկապարտեզի աշխատակիցների հետ բացահայտեցին, թե ով էր Շառլ Ազնավուրը որպես աշխարհահռչակ երգիչ, ստեղծագործող և դերասան:
Երեխաները յուրաքանչյուրն իր պատկերացմամբ նկարեց Հայաստանը:
Ներկաները մեծ բավականություն ստացան բաց դասից, իսկ երեխաները գիտելիքներ ձեռք բերեցին Մեծ Հայի մասին, ով իր ողջ կյանքում երբեք չի մոռացել իր արմատները՝ Հայրենիքից հեռու, բայց միևնույն ժամանակ լինելով Հայրենիքին շատ մոտ:
Երեխաները կատարեցին Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստա՛ն» երգը:

Пікірлер

    Келесі